Կլինիկայի նորությունները

Պարօդոնտոլոգիա

Պարօդոնտոլոգիան ուսումնասիրում է ատամը շրջապատող հյուսվածքների` լնդի, ատամնաբնային ոսկրի, ատամի ցեմենտի և պերիոդոնտալ կապանի ախտահարումները, զարգացման արատները և այլ ախտաբանական վիճակներ:

Ժամանակակից պարօդոնտոլոգիան իր մեջ ընդգրկում է պարօդոնտի հիվանդությունների դեպքում կոնսերվատիվ և վիրահատական բուժման եղանակները, էսթետիկ պարօդոնտոլոգիան, ինչպես նաև սերտորեն կապված է ստոմատոլոգիայի շատ արդիական ճյուղի` իմպլանտոլոգիայի հետ:

Կոնսերվատիվ բուժման ժամանակ իրականացվում է ատամնաքարերի հեռացում ուլտրաձայնային, օդաաբրազիվ (Air-Flow) եղանակներով և ձեռքի գործիքներով, ատամի արմատի մակերեսի հարթեցում հատուկ կյուրետներով, լնդերի բորբոքման պատճառ հանդիսացող գործոնների, ինչպիսիքն են ատամնալիցքերի, արհեստական պսակների ու կամուրջների կախված եզրերի հեռացումը, ատամների ժամանակավոր կամ մշտական բեկակալումը և այլն:

Վիրահատական պարօդոնտալ բուժումն իր մեջ ներառում է բազմաթիվ լաթային վիրահատություններ, նաև` ոսկրային հյուսվածքի ավելացմանն ուղղված միջամտություններ:

Իսկ էսթետիկ պարօդոնտալ վիրահատությունների շարքին են պատկանում լնդային ժպիտի, լնդի ռեցեսիաների վերացմանն ուղղված միջամտությունները և այլն:

Ատամների շուրջը անհատական հիգիենայի լիարժեք պահպանման համար անհրաժեշտ է, որպեսզի ատամները շրջապատված լինեն բավարար ծավալով եղջրացած լնդային հյուսվածքով: Հակառակ դեպքում ատամների խոզանակելը դառնում է շատ ցավոտ, և թերի մաքրումն էլ ավելի է վատթարացնում իրավիճակը: Այս պարագայում ցուցված են եղջրացած հյուսվածքի ավելացման վիրահատություններ, որոնց արդյունքում ստեղծվում են բարենպաստ պայմաններ ատամների և ողջ բերանի խոռոչի հիգիենան պատշած մակարդակով իրականացնելու համար: